Երևանի փողոցներում երթևեկը վերականգնվել է. փակ է միայն Բաղրամյանը և Ֆրանսիայի հրապարակը

Armenpress 16:50, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում, որտեղ ապրիլի 16-ի առավոտից Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը, վերականգնվել է մեքենաների շարժը:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ քաղաքի փողոցներում՝ բացառությամբ Պռոշյան-Բաղրամյան ճանապարհահատվածի և Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի, Ֆրանսիայի հրապարակի, երթևեկությունը վերականգնված է:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել էին Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am