ՔԶԱԿ-ի առաքելությունն աշխատանքի Է ձեռնամուխ լինում Արեւելյան Ղութայի Դումա քաղաքում

Armenpress 11:33, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել Է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Al Watan թերթին հայտնել Է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման աս Սոուսանը: Նրա խոսքով՝ «սիրիական պետությունը աջակցություն կցուցաբերի միջազգային փորձագետներին»: «Մենք հուսով ենք, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի հայտնաբերման առաքելության աշխատակիցները աշխատանքը կկատարեն պրոֆեսիոնալ կերպով ու օբյեկտիվորեն եւ կլինեն չեզոք՝ չենթարկվելով իրենց վրա գործադրվող ճնշումներին»,-հայտարարել Է դիվանագետը:

Աս Սոուսանի խոսքով՝ Դամասկոսում ակնկալում են, որ փորձագետների առաջիկա զեկույցը «կմերկացնի այն ստահոդ պնդումները, որոնք հերքում Էին Սիրիան ու նրա դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը»: Ինչպես նշում Է Al Watan-ը, Առաքելության անդամները Դամասկոս են ժամանել ապրիլի 14-ին: Նրանք ապրիլի 15-ին Սիրիայի կառավարության եւ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են առաջիկա աշխատանքի ծրագիրը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, փորձագետները պլանավորում են աշխատանքն ավարտել ապրիլի 18-ին եւ Դամասկոսից իրենց մեկնումից առաջ նախնական զեկույցը կներկայացնեն ՄԱԿ-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am