Երբ հոբբին վերածվում է մասնագիտության. կլարնետահար Սերգեյ Աբրահամյանի «Նորամուտը»

Armenpress 10:53, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-ամյա կլարնետահար Սերգեյ Աբրահամյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն իսկ հասցրել է դառնալ բազում միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: Երիտասարդ կլարնետահարը հանդես է եկել այնպիսի հեղինակավոր ստուգատեսներում, ինչպիսիք են Վարշավայում անցկացվող Ֆ. Շոպենի անվան երաժշտական, Բեռլինի Young. Euro.Classic ամենամյա և Գ. Մալերի անվան երաժշտական փառատոնները: Սերգեյը սովորել է Ղ. Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այս պահին աշխատում է երկու կոլեկտիվներում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Սերգեյ Աբրահամյանի «Նորամուտ»-ը:

Երաժշտությունը՝ մասնագիտություն

Մեր ընտանիքում երաժիշտներ չկան: Ունեցել եմ սեր դեպի երաժշտությունը և երաժշտությամբ սկսել եմ զբաղվել ծնողներիս խորհրդով: Նրանց խորհրդով էլ ընտրել եմ գործիքը: Սիրում էի լարային գործիքներ՝ ջութակ, դաշնամուր, փողային գործիքներով այնքան էլ հետաքրքրված չէի: Ընտանիքիս անդամները խորհուրդ տվեցին կլարնետ նվագել սովորել:

Հենց սկզբից մեծ հաճույքով եմ հաճախել դասերի: Այն ժամանակ շատ փոքր էի, և ինձ դուր էր գալիս գործիքի արտաքին տեսքը: Բայց չէի կարող պատկերացնել, որ նվագելը կդառնա մասնագիտություն, քանի որ սկզբում այդ ամենը դիտարկում էի որպես հոբբի:

Առաջին ելույթ՝ հիշարժան ակնթարթ

Առաջին անգամ բեմ եմ բարձրացել Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, որտեղ և սովորում էի: Համերգի խորագիրն էր «Առաջին անգամ»: 10 տարեկան էի: Հիշում եմ, որ շատ հուզված էի, բայց արդարացրեցի ուսուցչիս սպասելիքները:

«Նոր անունների» դերը երաժշտի կյանքում

2009-ին դարձել եմ «Նոր անուններ» ծրագրի մասնակից: Այս ծրագիրն իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել: Նշեմ, որ ծրագիրը թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս իրականացնում է մեծ նախագծեր: Մենք շատ համերգներ ենք ունեցել մեր երկրի և արտասահմանի լավագույն համերգասրահներում: «Նոր անունները» շատ մեծ դեր է խաղում սկսնակ երաժիշտների կյանքում:

Երեխաների համար համերգներով հանդես գալը սովորական է դառնում. սովորում ես, օրինակ, ամեն օր պարապել, նոր և բարդ ծրագրերով հանդես գալ:

Առաջին արտերկրյա ելույթը՝ Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի կազմում

2011 թ. դարձա Վլ. Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի անդամ: Սպիվակովի հիմնադրամի կազմում Մոսկվայում մասնակցել եմ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» խորագրով միջազգային փառատոնին: Շատ տպավորված էի: Ի դեպ, Սպիվակովի փառատոնն իմ առաջին ճամփորդությունն էր իբրև երաժիշտ: Հանդես եմ եկել շատ բարդ ծրագրով:

Նախագահի մրցանակը՝ հետագա հաջողությունների գրավական

2015 թ. արժանացել եմ դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին «Գործիքային կատարում» անվանակարգում: Նախագահի մրցանակի համար անցկացվող մրցույթը շատ բարդ է, բարդ է այն ծրագիրը, որը պետք է ներկայացնես: Պետք է կատարես յուրաքանչյուր գործիքի համար գրված ամենաբարդ ստեղծագործությունները: Նաև այն առումով է բարդ, որ եթե դու կլարնետահար ես, չես մրցում կլարնետահարների կամ փողային գործիք նվագողների հետ, մրցում ես բոլոր երաժիշտների՝ փողայինների, լարայինների հետ… Այս դեպքում փորձում ես առավելագույնս լավ հանդես գալ և սպասում ես արդյունքների: Աննկարագրելի ուրախ էի, երբ ասացին, որ այդ տարի ես եմ արժանացել մրցանակին:

Համերգներ ICO-ի կազմում

2017 թ. հանդես եմ եկել I Culture Orchestra (ICO) միջազգային նվագախմբի կազմում: Շատ բարդ է այդ նվագախմբի անդամ դառնալը, քանի որ մրցույթի շրջանակում նվագախմբի համար ԱՊՀ տարբեր երկրներից ընտրում են երաժիշտների: Եթե լարայինների դեպքում տեղերն ավելի շատ են, ապա փողային գործիքների դեպքում մեծ մրցակցություն է: Շատ էի ուրախացել, որ ընտրվել էի: Նվագախմբի կազմում մասնակցել եմ շատ լավ փառատոնների՝  Շոպենի, Մալերի անվան, շրջագայել եմ տարբեր երկրներում: Եթե այդ նախագծին մասնակցելու բախտ չվիճակվի էլ, ամբողջ կյանքում կհիշեմ: Աննկարագրելի հետաքրքիր էր այդ նվագախմբին մաս կազմելը:

Վերապատրաստումների ու դասընթացների կարիք

Կարծում եմ, որ իմ ոլորտի մարդկանց շատ կօգնեն արտերկրյա վերապատրաստումները, վարպետության դասերը, կապն արտերկրի հետ: Մենք, իհարկե, շատ լավ դասախոսներ ունենք, բայց Եվրոպայում նորամուծություններ կան, որոնք մեզ մոտ դեռ չեն հասել, և որոնք մեզ դեռ չեն սովորեցնում: Այս առումով լավ կլիներ սովորել նաև արտերի մասնագետներից, շփվել նրանց հետ:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, նկարիչների, երաժիշտների և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am