ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձևի նախագիծը

Armenpress 19:44, 14 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրթիռային հարվածները և կոչ անում դադարեցնել այդ երկրի նկատմամբ ագրեսիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա հայտարարել է, որ բանաձևի նախագիծը սեղանին է և պատրաստ է քվեարկության: 

Բանաձևի նախագծում մտահոգություն է հայտնվում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ, ինչը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Փաստաթղթում դատապարտվում են արևմտյան երկրների գործողությունները և պահանջ է ներկայացում, որպեսզի նրանք անհապաղ դադարեցնեն ագրեսիան Սիրիայի նկատմամբ և զերծ մնալ հետագա ուժային գործողություններից և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումից: 

Փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնվում, որ Սիրիայում հրթիռային հարվածները հասցվել են այն պահին, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սկսել են ապացույցներ հավաքել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհի չապացուցված լուրերի վերաբերյալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am