Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած երեխան տեղափոխվել է Երևան

Armenpress 21:26, 13 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Անտառավան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից՝ ճաղավանդակների արանքից ընկել է 2.5 տարեկան տղա երեխա: Նա ստացել է մարմնի տարբեր հատվածների սալջարդեր ու գլխի ոսկրերի կոտրվածքներ: Երեխային նախ տեղափոխել են Գյումրիի «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց»:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կենտրոնի բժիշկներին օգնելու նպատակով Գյումրի են ժամանել Երևանի Սուրբ Աստվածամայր կենտրոնի բժիշկները: Ավելի ուշ երեխան տեղափոխվել է Երևան: «Երեխան գիտակցություն չուներ, անմիջապես կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ և միացվել է արհեստական շնչառության ապարատ: Անմիջապես կազմակերպել ենք նեյրովիրաբույժի եւ ռեանիմատոլոգի արտագնա կոնսուլտացիա, որից հետո մասնագետները Երևանից արագ եկել են, որոշակի միջոցառումներ իրար հետ ենք իրականացրել, սակայն վիճակի փոփոխություն չի գրանցվել եւ երեխային տեղափոխել են Երեւան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am