Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստի աշխատանքին

Armenpress 13:59, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 13-ին աշխատանքն է սկսել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները եւ իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսությունը մարդասիրական համագործակցության զարգացման գործոն է, որը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ վեհաժողովն այս տարիների ընթացքում իրականացրել է անդամ պետությունների փոխշահավետ համագործակցություն՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ էական ներդրում ունի մոդելային օրենսդրության զարգացման գործում: ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է, որ վեհաժողովը կազմավորման առաջին տարիներից մշտապես անցկացրել է մշակութային միջոցառումներ՝ փառատոններ, տարեդարձեր, ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ, հրատարակչական ծրագրեր եւ այլն: Դրանցից Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մասնավորապես «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որին մասնակցել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Նա առանձնացրել է նաեւ Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ: Զեկուցողը խոսել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագրի մասին:

Ընդգծելով միջմշակութային երկխոսության խորացումն անդամ պետությունների միջեւ՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկարաժամկետ մշակութային ծրագրերի իրականացումը: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ արդի պայմաններում ԱՊՀ երկրների մշակութային ինտեգրումը կարեւորագույն գործոն է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու եւ մարդասիրական խնդիրների լուծման համար կառուցողական երկխոսության ձեւավորման գործում:

Քննարկվել են նաեւ նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am