Գյուղատնտեսության ոլորտում կիրականացվի պետական աջակցության նոր ծրագիր

Armenpress 16:57, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանն ասել է, որ դրանում պետք է  ներառել անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և  ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։

«2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց՝ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ինչպես նաև գիտեք, որ մենք սուբսիդավորում ենք այլ վարկեր՝ ինտենսիվ այգի, հակակարկտային ցանցեր, մթերում  և այլն: Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով՝ մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,- ասել է Կարեն Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am