Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ասուլիսը սկանդալի է վերածվել

Armenpress 16:32, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դիտորդական առաքելության ներկայացուցիչները սկսել են խոսել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպտագույն  խախտումների վերաբերյալ լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով  պահանջել իսկույն փոխել զեկույցը:

«Մի ստեք, դա ճիշտ չէ»,-բղավել է իշխանամետ լրագրողների խումբը:

Ի պատասխան ադրբեջանցի լրագրողների անօրինական և ամբարտավան պահանջին, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ներկայացուցիչները դադարեցրել են մամուլի ասուլիսն ու լքել դահլիճը:

Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են մամուլի սրահ և հայտարարել, որ ասուլիսն ավարտված է:

ԵԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով և ցանկացած լրագրող կարող է օգտվել դրանից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am