ԱԺ-ն ընդունեց բազմաբնակարան շենքերի տարածքում գիշերային ակումբների տեղակայումը սահմանափակող օրինագիծը

Armenpress 11:22, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր:

Նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել հանրային կյանքը և բարձրացնել դրա որակը՝ սահմանելով ծառայությունների տեսակները, որոնք լինելու են սահմանափակման ենթակա: Դրանցից որոշների տեղակայման նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ և սահմանափակումներ, որոշների նկատմամբ էլ միջոցներ կլինեն գիշերային ժամերին լռություն պահպանելու տեսանկյունից:

Սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները,  դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն:

Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով: Փաթեթով առաջարկվում  է առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am