Կարեն Կարապետյանը հիմքեր է տեսնում ապագայում կայուն տնտեսական աճի և ֆունդամենտալ բարեփոխումների համար

Armenpress 17:30, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ կառավարության գործունեության վերջին 1.5 տարին ցույց է տալիս, որ ապագայում կայուն տնտեսական աճ ունենալու համար ստեղծված են բոլոր հիմքերը: Կարեն Կարապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Մենք 2017թ. ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջիկայում կհրապարակենք 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք ավելի առաջանցիկ են, քան 2017թ-ին: 7.5 տոկոս աճն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Ես հավատում եմ, որ մենք մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տալու ֆունդամենտալ բարեփոխումներ անել: Համոզված եմ, որ վերջին 1.5 տարին դա ցույց է տվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը  հիշեցրեց, որ 2018թ. համար կառավարությունը կանխատեսել է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ վստահեցնելով, որ եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, կանխատեսում են դրանից էլ բարձր աճ: «Եվ այսպես շարունակական քայլերով մենք գալու ենք նրան, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի իրեն լավ զգա և աշխատատեղերի ստեղծման, և սոցիալական խնդիրների բարելավման առումով»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am