Արաբագետը Թուրքիայի գործողություններում Սիրիայի հայկական համայնքի համար վտանգներ է տեսնում

Armenpress 15:17, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ,11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիայում ցանկացած լարվածություն անդրադառնալու է տարածաշրջանի վրա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ասաց, որ այնտեղ լարվածության բարձր մակարդակը պայմանավորված է Դումա քաղաքում վերջերս քիմիական զենքի կիրառման հետ: Սա վերջին երեք տարիներին Սիրիայում ստեղծված միակ իրավիճակն է, երբ գերտերությունների կողմից առանց մյուս կողմի հետ հաշվի նստելու ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա: «Ռուսական կողմը հերքեց, որ նման բան է եղել, բայց արևմտյան  եւ ամերիկյան կոալիցիան պնդեց հակառակը: Այստեղ հիմնականում խոսքը հետևանքների վերացման մասին է»,-ասաց նա:

Արաբագետը Սիրիայի հայկական համայնքի համար ևս վտանգներ է տեսնում: «Սիրիայի հյուսիսում, որտեղ Թուրքիան մտադիր է ակտիվ գործողությունների անցնել, նույնպես հայեր կան: Թուրքիան այդ գործողություններին անցնելու համար սպասում է միջազգային հանրության արձագանքին»,-ասաց նա:

Քոչարյանը կարծում է, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը, որին ներկա է լինելու նաև  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շատ լավ հարթակ է այդ խնդիրները բարձրացնելու համար:

Դումա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am