Հայաստանի նորընտիր նախագահն առաջիկայում կայցելի ՌԴ

Armenpress 10:05, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Իհարկե շատ հետաքրքրված կլինեմ Հայաստանի նախագահի պաշտոնում մոտակա ժամանակներս այցելել Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Մոսկվա: Դեռևս հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր համար կարևոր է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:

«Օգտվելով առիթից ես անկեղծորեն ցանկանում եմ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել նոր, ավելի մեծ հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցությունը և Ռուսաստանի դերակատարությունը միջազգային հարթակներում»,- ընդգծել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am