Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները

Armenpress 12:48, 8 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրության և գեղեցկության օրը Երևանում վերագործարկվել են շատրվանները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ձևավորված ավանդույթի համաձայն, որպես ապրիլյոթյան ևս մեկ ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, Մայրության և գեղեցկության օրը վերագործարկվում են մայրաքաղաքի բոլոր շատրվանները:

Հանրապետության հրապարակի ջրախոս կոթողների միացմանը ներկա են գտնվել բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Հանրապետության գլխավոր հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ ֆլեշմոբի միջոցով նրանց շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունների համար, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության շնորհիվ 2800-ամյա մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am