Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական է ներկայացրել  

Armenpress 13:53, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ:

 Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար: 

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am