Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

Armenpress 15:32, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:  Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ: Ռոնալդ Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման և այս բնագավառում իրենց հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում:  Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am