Գեղարքունիքում մեկնարկել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Armenpress 21:53, 3 Ապրիլ, 2018

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մեկնարկել են միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, անցած 1 շաբաթվա ընթացքում փոսային նորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհներին, իսկ հանրապետական նշանակության ճանապարհներին դրանք կսկսվեն ապրիլի 10-ից հետո:«Միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհներին արդեն կտրվել են փոսերը, որոշ հատվածներում կատարվել է փոսալցում:

Ապրիլի 10-ից հետո, երբ փոսալցումներն ավարտված կլինեն վերոնշյալ տեղերում, կմեկնարկեն հանրապետական նշանակության ճանապարհների փոսալցման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել ապրիլի վերջին տասնօրյակի ընթացքում: Եղանակը թեեւ փոքր-ինչ խանգարում է, սակայն, կարծում եմ, նշված ժամկետներում աշխատանքները ավարտի կհասցվեն: Նախորդ տարվա համեմատ ճանապարհները ձմեռվանից հետո լավ են պահպանվել՝ համեմատաբար քիչ վնասվելով:

Փոսային նորոգումներ կիրականացվեն միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ 358,9 կիլոմետր երկարությամբ, եւ մարզային ենթակայության ճանապարհներին՝ 122,8 կիլոմետր երկարությամբ»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը: Նա հավելեց, որ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման եւ պահպանության այլ աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվելու է 623 միլիոն դրամ, մարզային նշանակության ճանապարհների համար՝ 84 միլիոն դրամ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am