Լուծումներ են առաջարկվում ոռոգման ջրի պակասը նվազեցնելու համար

Armenpress 16:15, 3 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի տեղումների պակասի պատճառով ջրամբարներն ունեն թերի լցվածություն: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ նախաձմեռային հատվածում հիդրոօդերևութաբանական պայմաններն անբարենպաստ են եղել, տեղումները գրանցվել են նորմայից պակաս: Ձմեռային ժամանակահատվածում տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ցածր է եղել, բացառությամբ Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի, որտեղ նորմայից բարձր է եղել: Մարտ ամսին տեղումները հիմնականում եղել են նորմայի սահմաններում:

«Մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում կայուն ձնածածկույթ առկա է միայն 2600 մ բարձրությունից սկսած, որն էլ նորմայից ցածր է երկու անգամ: Ջրամբարներում այսօրվա դրությամբ լցվածությունը կազմում է` Ախուրյանի ջրամբարում 60 տոկոս, Արփի լիճ ջրամբարում` 22 տոկոս, Ազատի ջրամբարում` 56 տոկոս, Մարմարիկի ջրամբարում` 33 տոկոս, Ապարանի ջրամբարում` 27 տոկոս»,-ասաց Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է տեղումնառատ շրջան: Դա հաշվի առնելով` առավելագույն լցվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում մինչև 82 տոկոս, Արփի լիճ ջրամբարում` մինչև 59 տոկոս, Ազատի ջրամբարում` մինչև 93 տոկոս, Մարմարիկի ջրամբարում՝ մինչև 100 տոկոս, Ապարանի ջրամբարում` մինչև 44 տոկոս:

Ջրի պակասով պայմանավորված խնդիրները մեղմելու համար, Ջրային տնտեսության պետական կոմիտեն համապատասխան աշխատանքներ է իրականացնում: Կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ նախատեսել են շուրջ 158 խորքային հորի աշխատանքային ռեժիմի երկարացում, հատկապես, Արարատյան հարթավայրում, որը թույլ կտա առավելագույնս մեխանիկական ջրարտադրությամբ նվազեցնելու ջրի դեֆիցիտը:

«Նախատեսվում է ևս 23 խորքային հորի հորատում, որի նախագծային աշխատանքները կատարված են, դիմել ենք կառավարություն, գործադիրը պատրաստ է համապատասխան ֆինանսավորում հատկացնելու: Նախատեսել ենք 10-20 շարժական պոմպակայանի ձեռքբերում, ինչը թույլ կտա ժամանակավոր ջրահոսքերը վերցնել և օգտագործել գյուղատնտեսությունում»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը: Այն հարցին, թե Սևանից ջրի բացթողումները երբ են նախատեսված, նա նշեց, որ սովորաբար դա իրականացվում է մայիս, հունիս ամիսներին՝ ընդգծելով, որ այս պահին օրակարգում չի շրջանառվում Սևանից ջրի անհապաղ բացթողման հարցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am