Վրաստանում Հայաստանի դեսպանը Ռուսթավիում մասնակցել Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը

Armenpress 12:35, 1 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Ռուսթավի քաղաք և մասնակցել Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կազմակերպված Սուրբ Հարության տոնին նվիրված տոնական միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Վրաստանում  ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բացման իր խոսքում անդրադարձել է օրվա խորհրդին, ինչին հետևել է կրթամշակութային կենտրոնի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում կարևորել է կենտրոնի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում։

Միջոցառման ավարտին դեսպան Սադոյանը զրուցել է Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու նշել, որ հնարավորության սահմաններում դրանք լուծում կստանան։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am