ԱՄՆ-ի իշխանությունները միգրանտներից պահանջելու են հինգ տարում սոցցանցերից օգտվելու պատմությունը. CNN

Armenpress 13:00, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում սոցիալական ցանցերից օգտվելու պատմությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտից ստացված տեղեկատվությունը: Այս միջոցը կոչված Է ի շահ ազգային անվտանգության խստացնել այն օտարերկրացիների ստուգման համակարգը, որոնք ձգտում են հիմնավորվել ԱՄՆ-ում: Պետդեպարտամենտն այն կարծիքին Է, որ նորամուծությունն անմիջականորեն կվերաբերի 15 մլն մարդու:

Կանոնից բացառություն կարվի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց համար: Իշխանությունները մտադիր չեն նորույթն ուժի մեջ դնել անհապաղ: Կտրամադրվի 60-օրյա ժամկետ, որպեսզի վերլուծվի լայն հասարակայնության արձագանքը:

Ինչպես պարզաբանում Է հեռուստաընկերությունը, Թրամփի վարչակազմը սոցցանցերում միգրանտների ակտիվությունն ավելի հանգամանորեն ստուգելն անհրաժեշտ Է համարում Սան-Բեռնանդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Ինչպես պարզվել Է ավելի ուշ, ահաբեկիչներից մեկին օրինականորեն ընդունել են ԱՄՆ, թեեւ նա ծայրահեղական հայացքներ Է քարոզել սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am