ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի

Armenpress 09:47, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է. օրակարգում կան հետաքրքիր զեկույցներ, որոնց վերաբերյալ ասելիք կունենան նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ընթացքում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի, քանի որ նախկին համազեկուցողն Իտալիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի ընտրվել:

Ապրիլյան նստաշրջանի ընթացքում շատ հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունենա, քանի որ գործող նախագահ Միկելե Նիկոլետին ևս ընտրությունների արդյունքներով Իտալիայի խորհրդարան չի անցել: ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ «Արմենպրես»-ը, զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա մանրամասնեց, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ ընդամենը վերջերս տեղի ունեցած Իտալիայի խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին չի ընտրվել Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է ԵԽԽՎ նախագահի փոփոխություն: «ԵԽԽՎ կանոնակարգը թույլ տալիս է չընտրված պատգամավորներին մինչև նոր պատվիրակության կազմավորումը պահել մանդատները, իսկ մենք չգիտենք՝ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 23-ին մեկնարկող նստաշրջանում կգա նոր պատվիրակությամբ, թե դեռևս հին պատվիրակությունը կլինի: Այդուահդներձ, եթե անգամ ապրիլյան նստաշրջանում այդ խնդիրը չառաջանա, իսկ մեր ունեցած տեղեկությամբ ԵԽԽՎ նախագահն, այդուհանդերձ, աապրիլյան նստաշրջանին ներկա կլինի, հուլիսին Սոցիալիստների խումբը կառաջադրի նոր նախագահ, քանի որ ներքաղաքաական պայմանավորվածությամբ նախագահ առաջադրելու իրավունքը պատկանում է ԵԽԽՎ սոցիալիստների խմբին»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ Սոցիալիստների խումբն արդեն իսկ քննարկում է նոր նախագահի թեկնածուի հարցը՝ ընդգծելով, որ զրուցել է Սոցիալիստների խումբը ներկայացնող իր գործընկերոջ հետ, ով ասել է, որ քննարկում են ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Մորի Պասկեի թեկնածությունն առաջադրելու հարցը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դա Սոցիալիստների խմբի ներքին հարցն է, իրենք այդ որոշումը պետք է կայացնեն: «Կարծում եմ, որ առաջիկայում առավել հստակ կլինի, թե ում թեկնածությունն են իրենք առաջադրելու»,- ասաց Զոհրաբյանը: Դրանից բացի, Իտալիայի խորհրդարան չի անցել նաև Հայաստանի հարցով զեկուցող Ջուզեպպե Գալատին, իսկ դա նշանակում է, որ արդեն ապրիլյան նստաշրջանում պիտի առաջադրվի Հայաստանի հարցով նոր զեկուցող:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է. քննարկվելու է լրագրողների անկախության և ընդհանրապես Եվրոպայում լրագրության հետ կապված խնդիրները: «Կարծում եմ այստեղ շատ լուրջ քննարկում կլինի խոսքի ազատության և ընդհանրապես լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետ կապված: Օրակարգում մի շատ կարևոր զեկույց կա, որը վերաբերվում է ներքին տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Այստեղ հայկական պատվիրակությունը իր առաջարկներով աշխատել է այդ զեկույցի վրա: Կարծում եմ այստեղ ևս բավականին հետաքրքիր քննարկում է սպասվում: Դրանից բացի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և ընդհանրապես բազմաթիվ զեկույցներ կան, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման հետ կապված շատ կարևոր զեկույց կա, որտեղ վստահաբար մենք մեր ասելիքը կունենանք: Բացի դրանից, հրատապ կարգով հնարավոր է հաստատվի Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի և այլատյացության վերաբերյալ քննարկումը, որտեղ ևս, հաշվի առնելով վերջին շրջանում քսենոֆոբիայի, այլատյացության և ռասիզմի կտրուկ աճը, որը մենք տեսնում ենք նաև մեր հարևան երկրում և ընդհանրապես Եվրոպայում այլատյացությունը լրջագույն խնդիր է դառնում, կարող ենք հետաքրքիր քննարկումներ ակնկալել»,- ընդգծեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:

Նա վստահեցրեց, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին, քանի որ պատվիրակության անդամներից յուրքաչանչյուրը գիտի իր անելիքը՝ հույս հայտնելով, որ մեր պատվիրակությանը վատ իմաստով անակնկալներ չեն սպասվի:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա 2018թ. ապրիլի 23-27-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am