Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ անկանխատեսելի զարգացումները Սիրիայի հայերի ճակատագրով մտահոգվելու տեղիք են տալիս

Armenpress 16:01, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրինի շուրջ տեղի ունեցող գործողությանը միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներից որեւէ մեկը լուրջ անդրադարձ չի կատարում, ինչը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում:

«Սա ցուցիչն  է այն բանի, որ սիրիական ճգնաժամը փորձադաշտ է դարձել այս փոփոխվող քաղաքականությանը համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ՝  սիրիական ճգնաժամը, փաստորեն, որեւէ մեկին չի հետաքրքրում ու որեւէ մեկը չի պատրաստվում իր խոստումներին հետեւել:

«Թուրքիան, ըստ էության, ռազմական օպերացիա է անում կամ օկուպացնում է հարեւան երկրի տարածքը, եւ դա անում է ՌԴ-ի ե ԱՄՆ-ի լուռ իմացությամբ եւ համաձայնությամբ»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բուն Աֆրինի գործողություններին, թուրքագետը երկու խնդիր առանձնացրեց:

«Առաջինն այն է, թե ի՞նչ է անելու Թուրքիան Աֆրինից հետո, մնալու է, թե առաջ է շարժվելու, ինչպիսի՞ն կլինեն «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հետ կապված հարաբերությունները ԱՄՆ-ի, նաեւ ՌԴ-ի եւ տարածաշրջանային այլ խաղացողների հետ: Երկրորդ հարցը, որը ոչ պակաս կարեւոր է, այն է, ինչպե՞ս կկապիտալիզացնի Էրդողանն իր այս հաղթանակը իր ներքաղաքական կյանքում»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Աֆրինով գործը չի ավարտվելու:

Թուրքագետը վստահ է՝ իր նեոիսլամիստական նկրտումներով Թուրքիան բախվելու է նաեւ Իրանի հետ, չնայած այժմ իրավիճակային դաշնակիցներ են Սիրիայի հարցում. բախում է լինելու նաեւ արաբ հարեւանների հետ: Այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաեւ Թուրքիայի ներքաղաքական որոշակի զարգացումները՝ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ չմտահոգվել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով հնարավոր չէ, քանի որ անկանխատեսելի են իրադարձությունների զարգացումները: Նրա խոսքով՝ կան կարծիքներ, որ չնայած թվացյալ կայունացմանը եւ քաղաքական բանակցություններին՝ վտանգ կա, որ այս պատերազմն անավարտ է: Նա հորդորեց չմոռանալ նաեւ ադրբեջանական գործոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am