Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին:
Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաև՝ այսօրվա պարգևատրվածների: Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը: Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով: Շնորհակալ եմ ձեզ նվիրումի և աշխատանքի համար:Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակներն իրագործելու ճանապարհին: Շատ շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել անցած տասը տարիներին Նախագահի գործունեությունը՝ նրա մարզային և արտերկրյա այցելությունները, նախագահական նստավայրում և դրանից դուրս տեղի ունեցած միջոցառումներն ակտիվ լուսաբանած լրագրողների և լրատվական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց մի մասն այսօր արժանացել է պետական պարգևների: Նախագահը լրագրողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող և մտահոգող հարցերի շուրջ, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին խնդիրներին և պետական կառավարման նոր համակարգի պայմաններում երկրի ապագային, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների: