Թատերական գործիչները բարձրաձայնել են թատերագիտության և դրամատուրգիայի խնդիրների մասին

Armenpress 18:34, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են` հայ ռեժիսորները հաճախ նախընտրում են բեմադրել արտասահմանյան պիեսներ: Զարգացած չէ նաև թատերագիտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց մասնագետները:

«Մեր ռեժիսորների աչքը ամերիկյանի, եվրոպականի կողմն է: Նրանք առավել հաճախ հենց այդ երկրների գործերն են բեմադրում: Խաղացանկերը նայելով հասկանում եմ, որ մեծ սեր կա դեպի ամերիկյան և անգլիական ժամանակակից պիեսներ: Յուրաքանչյուր թատրոն անպայման պետք է ունենա հայ դասական և ժամանակակից հեղինակների գործեր»,-ասաց բեմադրիչ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Նրա խոսքով` իրենց թատրոնում ունեն նաև ռուսական գործեր, սակայն գերակշռողը պետք է լինի հայ դասական և ժամանակակից դրամատուրգիան:

Հպարտությամբ նշեց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայում բեմադրում են Սունդուկյանի Պարոնյանի, Շիրվազադեի, Օտյանի գործերը:  «28 ներկայացումից 16-ը հայ ժամանակակիցների հեղինակածներից է: Հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր շրջապատը: Պատահական չէ, որ այդ պիեսների վրա ստեղծված ներկայացումները գրեթե 15 տարի մեր խաղացանկում են, և մինչ հիմա հետաքրքրում են հանդիսատեսին»,-նշեց Ղազանչյանը:

Դրամատուրգ Խոդիկյանը նկատեց, որ այսօր կան նաև արևմուտքում ստեղծվող գործեր, որոնք հայ հանդիսատեսը պարտավոր է տեսնել:

Բարձրաձայնելով թատրոնի անբաժան մասը կազմող թատերագիտության մասին` թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ ներկայացումների մասին վերլուծական հոդվածներ գրելը տքնաջան աշխատանք է: Նրա խոսքով` ծավալուն թատերախոսական նյութ, վերլուծություն գրելը գրեթե երկու ամիս է պահանջում: Նման նյութի համար ընդամենը 15 000 դրամ են վարձատրում, իսկ այդ գումարով ոչ բոլորը կհամաձայնեն աշխատել:

Թատերագիտությունը թատրոնի հեռահար և երկարաժամկետ ներդրումներ պահանջող հենարաններից, ենթակառուցվածքներից է, առանց որի չի կարող  գոյություն ունենալ իրական, կենդանի թատրոնը առանց թատրոնի էլ`թատերագիտությունը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am