Ապրիլին սպասվում են նորմայից բարձր տեղումներ

Armenpress 14:44, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտ ամսին գրանցված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի նաև ապրիլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց

 ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Նրա խոսքով` հովտային գոտիներում ցերեկը կգրանցվի 22-24 աստիճան ջերմություն, գիշերը`  7-10 աստիճան: Հանրապետության լեռնային գոտիներում ցերեկը կգրանցվի 15-20, գիշերը` 3-8 աստիճան ջերմություն: «Ապրիլին ամենատաք ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում, որտեղ  ցերեկը կլինի 25-27, գիշերը`10-15 աստիճան: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կդիտվի 22-24, գիշերը` 10-12 աստիճան տաքություն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանության կենտրոնի պետը տեղեկացրեց, որ ապրիլին սպասվում են նորմայից բարձր տեղումներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am