Թուրքիայի խոշորագույն «Դողան» հոլդինգը վաճառվել է Էրդողանի մերձավորին

Armenpress 13:29, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խոշորագույնը համարվող «Դողան» մեդիա հոլդինգն այսուհետ կգործի ի շահ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: «Դողան» հոլդինգը վաճառվել է «Դեմիրօրեն» հոլդինգին (Demirören Grubu), որի նախագահն Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Էրդողան Դեմիրօրենն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը՝ ընդգծելով որ երկրում այսուհետ կգործի «Մեկ մարդ, մեկ ձայն» սկզբունքը՝ հաշվի առնելով այն, որ նախագահ Էրդողանը լռեցնում է իր բոլոր քննադատներին:

Գործարքն իրականացվել է 890 մլն ԱՄՆ դոլարով: «Դողան»-ի կազմում են գտնվում երկրում լայն տարածում ունեցող այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Hürriyet, Posta պարբերականները, Kanal D հեռուստաալիքը, ինչպես նաև CNN Turk-ը, «Դողան» լրատվական գործակալությունը և այլն:

Շատերն այս վաճառքը խիստ մտահոգիչ են համարում իշխանություն-մեդիա հարաբերությունների տեսանկյունից, քանի որ դրանով իսկ Թուրքիայում գործող և մեծ ժողովրդականություն վայելող լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցնում է իշխանությունների վերահսկողության տակ:

«Ջումհուրիեթ»-ի սյունակագիր Թայֆուն Աթայն ընդգծում է, որ այս գործարքն իր ազդեցությունն է թողնելու նաև հասարակության հոգեբանության վրա, քանի որ այդպիսով կվերանան այն առանց այն էլ քիչ լրատվամիջոցները, որին Թուրքիայի շարքային քաղաքացին այսօր կարող էր հավատալ: 

«Դողան» հոլդինգը Թուրքիայի խոշորագույն ընկերություններից է, որը գործունեություն է ծավալում էներգետիկայի, մեդիայի, առևտրի, ապահովագրության, զբոսաշրջության ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am