Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

Armenpress 12:08, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է մեղմացնել վիզային ռեժիմը: Միաժամանակ, վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեց` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ԱԳՆ-ին ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ: «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զարմինե Զեյթունցյանը: Իր հերթին, Շավարշ Քոչարյանը ևս նշեց, որ այդ աշխատանքները տարվում են: «Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը մեղմացնել որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - նկատեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am