ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ԳԱԼԱ-ն 8000 դրամով լիցքավորել է գունդը զավթելու մեջ մեղադրվողների հեռախոսահամարները

Armenpress 19:45, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը զավթած զինված խմբի անդամների դատավարության ընթացքում հետազոտվել են ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ամբաստանյալների մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Մարտի 21-ին շարունակվել է  ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tert.am-ը, գաղտնալսումներից մեկի վերծանման հրապարակման համաձայն՝ ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԳԱԼԱ-ն է լիցքավորել իրենց հեռախոսահամարները՝ 6-8 հազար դրամով: Ըստ ներկայանալու՝ Անահիտ անունով քաղաքացին զանգահարել է Տիգրանին, հարցրել, թե սնունդ ունեն, թե ոչ, ինչին ի պատասխան Տիգրանը հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:

Անահիտի հարցին, թե ցանկանո՞ւմ է, որ փող փոխանցի այն հեռախոսահամարին, որին ինքը զանգել է, Տիգրանը պատասխանում է.«Չէ, էս համարին 6-7 հազար դրամ կա, ԳԱԼԱ-ն 8000 դրամ գցել է, մենակ ԳԱԼԱ-ն միլիոն անգամ զանգում է էս համարին: Ստեղ մենք շատ լավ ենք, հեչ մի մտածեք»: Անահիտը նաև Երևան գալու մասին ցանկություն է հայտնում և ասում, որ ոչ տրանսպորտ կա, ոչ էլ Երևան եկող: Ապացույցների հետազոտումը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am