ՀՀ նախագահը միջազգային պայմանագրերը կկարողանա կասեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա

Armenpress 15:38, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկել է «միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրինագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Օրենքի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, և ունի երկու հիմնական ուղղվածություն: Առաջին ուղղվածությունը հենց համապատասխանեցումն է Սահմանադրությանը, երկրորդը՝ միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ձեռք բերած փորձի հիման վրա կնքման ընթացակարգերի բարելավումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

Նա մանրամասնեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումն այսուհետ լինելու է օրենքով, իսկ նախկինում դա տեղի էր ունենում Ազգային ժողովի որոշմամբ: «Նախագահի կողմից միջազգային պայմանագրի հաստատումը, կասեցումը կամ դադարեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա»,- ասաց փոխնախարարը:

Սահմանվել է կարգավորում հանրաքվեի միջոցով վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերվող միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, փոփոխման, կասեցման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am