Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը պատրաստ է Հայաստանում տուրիզմի զարգացման առաջարկություններ քննարկել

Armenpress 18:35, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մարտի 15-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստանում զբոսաշրջության խթանմանը վերաբերող հարցերի քննարկմամբ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը, մեկնաբանելով այդ որոշումը, «Արմենպրես»-ին ասել է, որ ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է լինելու քննարկել այս ուղղությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Արամ Արարատյանը նշել է, որ խմբում ներգրավված են մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այն ղեկավարելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը:

Հիշեցնելով, որ 2017թ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է շուրջ 18 տոկոս աճ և այս տարի վարչապետը նպատակ է դրել պահպանել այդ դրական միտումն ու էլ ավելի բարձր ցուցանիշներ գրանցել, խոսնակը հրավիրել է շահագրգռված բոլոր անձանց ակտիվ ներգրավվել այդ քննարկումներին, իրենց մոտեցումները և պատկերացումները ներկայացնել Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթանման վերաբերյալ՝ լավագույն լուծումներ տալու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am