Երևանում ՌԴ ընտրությունների քվեարկությանը մասնակցածների 90,5 տոկոսը ձայնը տվել է Պուտինին

Armenpress 13:33, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկած ՌԴ քաղաքացիների 90,5 տոկոսը ձայնը տվել է Վլադիմիր Պուտինին: «Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրեց Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Վերոնիկա Արտենյանը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններին տեղամասում մասնակցել է ՌԴ շուրջ 5000 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններին Երևանում մասնակցել է ՌԴ 1100 քաղաքացի:  

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ևս բացվել է տեղամաս, որտեղ քվեարկության արդյունքների մասին տվյալներ դեռևս հայտնի չեն:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած: Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am