35-ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել Տիգրան Մեծի բնակարաններից մեկի ուղղությամբ

Armenpress 16:05, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ապակին վնասվել է Տիգրան Մեծի պողոտայով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է «Նագան» տեսակի ատրճանակ, որից, ըստ նախնական տվյալների, արձակվել են կրակոցները։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am