Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Armenpress 13:19, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի որոշմամբ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի բաժնից,  փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայկական ժամանակ» օրաթերթի https://armtimes.com լրատվական կայքում 2018 թ. մարտի 13-ին կատարված «Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան» վերտառությամբ հրապարակումը, որտեղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբանների պալատը բնորոշել է որպես խուժան և խայտառակ հիմնարկ:

Կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու համար այն հանգամանքը, թե վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» և «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը» արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, թե՞ ոչ: Եթե այո, ապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվության միջոցով փաստաբանների պալատին նման որակումներ տալը նպաստո՞ւմ է ,արդյոք, փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, թե՞ ոչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am