Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում  

Armenpress 10:35, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 Երկրի ղեկավարի ընտրությունները կայացել են մարտի 17-ի առավոտյան գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի առաջին նստաշրջանի 5-րդ համագումարում: Ներկա գտնված բոլոր 2970 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Սի Ցզինպինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին 12-րդ գումարման խորհրդարանի նիստում:

Բացի այդ, նա նաև ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ իր ձեռքում պահելով երկրի քաղաքական և ռազմական ղեկավարումը: Երկրի փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության գլխավոր հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը:

Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել՝ շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ: Չինաստանի Նախագահի պաշտոնը ստեղծվել է 1954-ին երկրի սահմանադրության համաձայն, 1975-ից վերացվել է, ապա կրկին վերականգնվել 1982-ին:

Մինչ այս տարի մարտի 11-ը նախագահը կարող էր ընտրվել հինգ տարի ժամկետով և պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի քան երկու անգամ: Սակայն Չինաստանի խորհրդարանի պատգամավորներն այս նստաշրջանում փոփոխություններ են կատարել սահմանադրությունում՝ վերացնելով պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am