Միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է կիրառի հենց Ադրբեջանի նկատմամբ. Շարմազանովն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Armenpress 21:53, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անհեթեթ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի բացառապես Ադրբեջանի նկատմամբ այդ երկրի հանցագործ քաղաքականության պատճառով:

«Ադրբեջանը դեռևս 1988թ. հանցագործ քաղաքականություն իրականացրեց՝ կոտորելով Սումգայիթի հայ անմեղ ու անզեն բնակչությանը, իսկ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ մտցներ, գուցե, նման բան չլիներ: «Էլ չեմ ասում, որ 1991-1994 թվականների ընթացքում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը իրականացրեց ահաբեկչական պատերազմ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Նույնը կրկնվեց նաև 2016թ. ապրիլին, և եթե միջազգային հանրությունը որևէ պետության նկատմամբ պետք է կիրառի պատժամիջոցներ, ապա դա, նախևառաջ Ադրբեջանն է»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա վստահեցնում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները անհանգստանալու որևէ առիթ չեն տալիս, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Արցախի հիմնահարցում հիմնված է բացառապես ստի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am