Վարչապետը հանձնարարեց ապահովել էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ

Armenpress 12:24, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցով Առողջապահության նախարարությունում իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։  Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am