Հայաստանցի դիմորդները կարող են անվճար կրթություն ստանալ Ռուսաստանի լավագույն բուհերում «ատոմային էներգետիկայի» մասնագիտացումներով  

Armenpress 13:10, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական բուհերում ատոմային էներգետիկայի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող Հայաստանի դիմորդների ու շրջանավարտների շրջանում ընտրություն կանցկացվի մարտի 21-23-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոսատոմ» ընկերությունից, բակալավրիատի, միջին մասնագիտական և մագիստրատուրայի ուղղություններով դիմորդների հետ հարցազրույցները կկայանան մարտի 21-22-ին «Կրթություն-XXI դար» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որի պաշտոնական բացումը կկայանա մարտի 21-ին` ժամը 10:00-ին, Կառավարության տանը` Մելիք Ադամյան, 1 հասցեում:

Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում, հետևաբար, բարձր որակավորված մասնագետների կարիք կարող է ունենալ: Նշված քվոտայով ռուսական բուհերի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում, լրացնել հայտ, տրամադրել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր ու նշել ցանկալի կրթական հաստատությունը «Ռուսատոմի» կողմից ներկայացված ցանկից: Դիմորդն ըստ առաջնահերթության կարող է նշել մինչ վեց բուհ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am