«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը

Armenpress 20:48, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը:

«Օրինագծերով սահմանվել են հանձնաժողովի կազմը, անդամներին ներկայացվող պահանջները և լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը և կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունները, նախատեսվել են հանձնաժողովի կողմից մշտադիտարկման միջոցով հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կառուցակարգեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, փոփոխվել են նաև Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները և հստակեցվել են խորհրդի իրավասությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am