Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը

Armenpress 14:03, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին:

Ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ցզյան Այմինը նշեց, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը: 

Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ: 

Ցզյան Այմինն իր հերթին հավելեց, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am