Նոր Սահմանադրությամբ մեկ անձը չի կարողանա իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ իշխանությունը. Արմեն Ռուստամյան

Armenpress 12:25, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ նոր Սահմանադրությամբ որևէ մի անձ չի կարող ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ իրենք եզակի քաղաքական ուժերից մեկն էին, որ այդ փոփոխություններն անձերով չէին պայմանավորում:

«Մենք երբեք այդ փոփոխություններն անձերով չենք պայմանավորել, սակայն միևնույն ժամանակ չենք բացառել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, բայց նաև ասել ենք, որ Սերժ Սարգսյանը այդ դեպքում չի ունենա նույն լիազորությունները, որ նա ունի՝ որպես  Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք կարծում ենք, որ ընդհանրապես մեր իրականության մեջ անձերով պայմանավորելը շատ սխալ ընթացք է, և այնպես ենք արել, որ այս համակարգն, ընդհանուր առմամբ, զսպի ցանկացած անձի, որ նա չկարողանա այնքան լիազորություն ունենալ, որ իր ձեռքում կենտրոնացնի ամբողջ իշխանությունը: Մարդիկ կամաց-կամաց կտեսնեն, որ ամեն մեկն իր գործունեության դաշտն ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ քաղաքական համակարգում էական փոփոխություններ են լինելու, ուստի ժամանակ է հարկավոր, որպեսզի հանրության համար էլ այդ փոփոխությունները տեսանելի լինեն: Եզրափակելով խոսքը՝ Ռուստամյանը նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am