Կանանց տոներին ընդառաջ կազմակերպված ցուցահանդես-վաճառքը հանրահռչակում է ժողովրդական արվեստի նմուշները


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կին, արվեստ, տոն» խորագրով ցուցահանդես-վաճառքով արժևորվում են ժողովրդական վարպետների ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդես-վաճառքի մեկնարկը կայացավ մարտի 3-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Տոներին ընդառաջ Ժողովրդական արվեստի կենտրոնը կազմակերպել է «Կին, արվեստ, տոն» խորագրով ցուցահանդես-վաճառք: Կարևորելով մեր էթնիկ մշակույթը՝ ներկայացրել ենք ժողովրդական արվեստի ՝ արծաթագործության, ասեղնագործության, փորագրության, խեցեգործության,կարպետագործության,  ինչպես նաև գեղանկարչության տարատեսակ նմուշներ: Նման ցուցահանդես-տոնավաճառները հանրահռչակում են ժողովրդական արվեստի նմուշները: Կազմակերպվել է հիմա, որպեսզի, կանանց նվիրելով ժողովրդական վարպետի որևէ ստեղծագործություն, նրանց պարգևենք գունեղ պահեր»,-ասաց  կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Միրզոյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները կենտրոնի ժողովրդական վարպետներն են՝ 19 հոգի:  

Անահիտ Գրիգորյանը, ով Հայաստանի հանրային ռադիոյի նախկին աշխատակից է, պատմում է՝ աշխատանքն ավարտելուց հետո գտել է հետաքրքիր զբաղմունք՝ կաշվե զարդերի պատրաստում: Պատրաստում է մատանիներ, վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր: «Ցուցահանդես-վաճառքին ներկայացնում եմ մոտ 25 աշխատանք: Սրանք կարելի է համարել կանանց տոնի իմ նվերը: Անկախ նրանից որևէ իր կվաճառեմ, թե ոչ՝ մեծ լիցքեր եմ ստանում»,-ասաց նա:

Ժողովրդական վարպետ Կարինե Ղահրամանյանը, ով վերջերս է վերադարձել Փարիզի միջազգային սիմպոզիումից, ներկայացնում է իր աշխատանքներից երկուսը՝ կոլաժ և հարթաքանդակ: «Կարևոր չէ կվաճառվեն մեր ստեղծագործությունները, թե ոչ: Կարևորը միացումն է, արվեստի շունչը, որ կարողանում ենք ստեղծել մարդկանց համար: Ստեղծագործողը ոգեշնչվում է՝ հասկանալով, որ գեղեցիկ օրվա մի մասնիկն ինքն է նվիրել»,-ասաց նա:

Ժողովրդական արվեստի կենտրոնն այսուհետ ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն է ներկայացնելու ժողովրդական արվեստի նմուշներ: Կենտրոնի առաքելություններից  է վարպետների հետ աշխատանքը, նրանց ստեղծագործությունների ճիշտ ներկայացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am