Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ. նա երդմամբ ստանձնեց ՍԴ անդամի  լիազորությունները

Armenpress 14:46, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ Հրայր Թովմասյանին ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ»,- ասաց Մելիքյանը:

ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «27 դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես, որ մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ: Շնորհակալ եմ այդ ձայների համար»,- կատակեց Թովմասյանը:

Այնուհետև Թովմասյանն ընթերցեց երդման տեքստը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի երդմանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am