Եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն լողալ չիմանալու մեջ. Շարմազանով

Armenpress 11:53, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապատասխան պետական մարմինը Ազգային ժողով ներկայացրել է գրություն, որ Արմեն Սարգսյանը 2011թ.-ից միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմադիրները կասկածներ ունեն՝ կապված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ:

«Եթե Արմեն Սարգսյանն ընտրվի, լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չի լինի: Իսկ մնացածը այլ քաղաքական ուժերի, ավելի կոնկրետ՝ մեկ քաղաքական ուժի խնդիրն է: Ինչպես ասել է Արմեն Ռուստամյանը, մենք այս հարցում ունենք կոնսենսուս հանած մեկ: Եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Շարմազանովը կոչ արեց չզարմանալ, որ կան մարդիկ, ովքեր քննադատել են երեկ, քննադատում են այսօր և քննադատելու են վաղը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am