Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը նկարահանվելու են Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում. THR

Armenpress 11:57, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը նկարահանվելու են ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում, որն Էկրան կբարձրանա 2019 թվականի օգոստոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:

Կինոնկարը կրելու Է «Մեկ անգամ Հոլիվուդում» անվանումը, դրա գործողությունը տեղի Է ունենալու 1969 թվականին Լոս Անջելեսում: Ֆիլմը պատմելու Է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի եւ նրա կրկնորդի պատմությունը, որոնք չեն կարողանում ընտելանալ սրընթաց փոխվող «անուրջների ֆաբրիկայի» նոր կյանքին: Նրանց դերակատարներն են՝ 43-ամյա դի Կապրիոն եւ 54-ամյա Բրեդ Փիթը՝ համապատասխանաբար: Նոր ֆիլմում այս երկու դերասանների մասնակցությունը, որոնցից յուրաքանչյուրն «Օսկար» մրցանակի դափնեկիր Է, առաջին անգամը կլինի, երբ նրանք համատեղ կհայտնվեն Էկրանին:

Ընդ որում՝ ավելի վաղ դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը առանձին-առանձին խաղացել են Տարանտինոյի ֆիլմերում: Առաջինը նրա մոտ նկարահանվել Է «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ժապավենում, իսկ երկրորդը՝ «Անփառունակ վիժվածքներ»-ում (2009 թ.): «Ես շատ ուրախ եմ Լոս Անջելեսի եւ Հոլիվուդի մասին այս պատմությունը ներկայացնելու համար, որ այլեւս գոյություն չունի»,-տարածված հայտարարության մեջ ասել Է Տարանտինոն, որը գրեթե իր ողջ կյանքն ապրում Է այս քաղաքում: Ռեժիսորի խոսքով՝ ինքը նոր ժապավենի սցենարը գրել Է վերջին հինգ տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am