Դույլ, ձեռնոցներ, ծաղիկներ սկեսրոջ համար… Այս ձմռանն ի՞նչ են մոռացել տաքսիում Հայաստանի բնակիչները

Armenpress 19:40, 26 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ձմռանը Հայաստանում Yandex.Taxi-ի օգտատերերն առավել հաճախ կորցրել են հեռախոսներ, վերարկուներ և ձեռնոցներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում աջակցման ծառայության տվյալները։

Հայաստանի բնակիչները մոռացված իրերի վերաբերյալ Yandex.Taxi-ի աջակցման ծառայություն ամենաշատը դիմում են շաբաթ առավոտյան, հավանաբար՝ ուրախ անցկացված ուրբաթ օրվա հետքերով։ Դույլ, գոճի (թե ինչ տեսքով՝ նշված չէ), շինարարական գործիքներ, թխվածքաբլիթներ, վզնոց և նույնիսկ հավով թավա․ նմանատիպ անսովոր իրեր էլ են մոռանում մեքենաներում մեր ուղևորները։ Ամանորի գիշերը մոռացված իրերի շարքում ավելացան նաև «Նապոլեոն» տորթ, փաթեթավորված մի քանի նվերներ և երաժշտական գործիքներ։

Հայաստանում տաքսու վարորդներն ամենից հաճախ մեքենաներում գտնում են շշեր, վերարկուներ և անձրևանոցներ։ Մի անգամ վարորդը «փրկեց» երևանցի մի աղջկա, ով հուզմունքից մեքենայում մոռացել էր ապագա սկեսրոջ համար գնված ծաղիկները։ Մեկ այլ աղջիկ՝ այս անգամ Վանաձորից, տխրել էր, քանի որ մեքենայում մոռացել էր սիրելի ձեռնոցները, որոնք, բարեբախտաբար, շուտ գտնվեցին։ Ի տարբերություն այլ երկրների բնակիչների՝ հայաստանցիները ոչ մի անգամ չեն մոռացել անձնագիր, ամուսնական մատանի և ծխախոտ։

Կորած իրերի համար ամենաշատը տխրում են երեխաները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Yandex.Taxi-ի աջակցման ծառայությանը խնդրել են գտնել 12 խաղալիք, չուպա-չուպս և շոկոլադե ձվիկ։

Մեքենայում թողնված իրը, սովորաբար, բարդ չէ գտնել․ ծառայության կանոնների համաձայն՝ վարորդը գտածը պետք է հանձնի այն տաքսոպարկին, որտեղ աշխատում է։ Բացի այդ, եթե ուղևորն արագ է հայտնաբերել կորուստը, կարող է կապ հաստատել հենց վարորդի հետ. նրա հեռախոսահամարը մեկ օր պահպանվում է «Ուղևորությունների պատմության» մեջ։ Եթե վարորդը հեռու չի գնացել, ապա, պայմանավորվելով ուղևորի հետ, կարող է ետ գալ և վերադարձնել մոռացված իրը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am