Բուրաստանում կորած երեխայի դին գտել են ջրատարում

Armenpress 13:02, 25 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 24-ին, ժամը 19:10-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 22:20-ին փրկարարները  գյուղի մոտակայքով անցնող ջրանցքում (խորությունը՝ 2.5 մ, լայնությունը՝ 5 մ) հայտնաբերել են  2015 թ. ծնված Խ. Ս.-ի դին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Փրկարարները ջրատարից դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 38 փրկարար ծառայող և 25 գյուղացի՝ գյուղապետի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ «2015 թվականին ծնված Ս․Խ-ն, պապու հետ գտնվելով տանը կից անասնագոմում, դուրս է եկել անասնագոմից և անհայտ կորել։ Ձեռնարկված անհետաձգելի օպերեատիվ հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժ.22.10-ին, Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է Ս.Խ-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն»¸- նշել է Ջանոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am