Աբովյանի սոցաջակցության աշխատակիցը որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը

Armenpress 18:04, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական աջակցության Աբովյան քաղաքի տարածքային գործակալության աշխատակիցը` Մանուշակ Սարգսյանը, մի խումբ բնակիչներից որպես կաշառք պահանջել  և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է այն անձանց շրջանակը, որոնցից Մանուշակ Սարգսյանը կաշառք է պահանջել և ստացել:

Մի կնոջից Սարգսյանը 2013-2018 թվականներին պարբերաբար գումար է վերցրել`ընդհանուր մոտ 100 հազար դրամ, որպեսզի նա շարունակի մնալ սոցիալական ծրագրում և ստանալ ամսական օգնությունները, իսկ մեկ ուրիշ քաղաքացուց ստացած գումարը 500 հազարից ավելի էր:  Այդպես Մանուշակ Սարգսյանը շուրջ 5 մարդուց  կաշառք էր վերցել:

Ոստիկանության ծառայողները աշխատանքի և սոցիալական աջակցության Աբովյանի քաղաքի տարածքային գործակալություն մեկնեցին և Սարգսյանին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են, փաստի առթիվ Քրեական օրենսգրքի կաշառք ստանալու և կաշառք տալու հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am