ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մի շարք պատմամշակութային հուշարձաններ կվերականգնվեն

Armenpress 16:45, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ավարտին կհասցվի առնվազն մեկ պատմամշակութային հուշարձանի վերականգնման աշխատանք։ 2018 թվականին նախատեսվում է ավարտել Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այս հարցերի շուրջ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«2006 թվականից շարունակվող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների արդյունքում զանգակատունը արդեն կառուցված է, վերջին երկու տարիներին աշխատանքներ են տարվում սեղանատան վերականգնման համար, շարունակվում է Սանահինի վերականգնման և ամրակայման գործընթացը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սամուելյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ արդեն վերականգնվել են Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին եկեղեցիների, մագիստրոսական ճեմարանի տանիքները, իսկ այս տարի կսկսվեն գավիթի վերականգնման աշխատանքները։

Սամուելյանի խոսքով` Մայրավանքի շինարարական աշխատանքների իրականացման դեպքում 50 մլն ներդրում կկատարի պետությունը, իսկ 80 մլն մասնավոր ներդրողները:

Անդրադառնալով Գոշավանքին` փոխնախարարն ասաց, որ այնտեղ շարունակվում են աշխատանքները. գմբեթը, ծածկասալերն արդեն պատրաստ են, 2017 թվականին ավարտին են հասցվել Մխիթար Գոշի դամբարանի շուրջ աշխատանքները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am