Մեկնարկեց պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը

Armenpress 16:24, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի 1-ին օրը մրցեցին ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, մի քանի նախարարությունների, մարզպետարանների, ՀՀ կենտրոնական բանկի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվեցին անհատական (տղամարդիկ, կանայք) և թիմային հաշվարկով:

Անհատական հաշվարկով (տղամարդիկ, կանայք), 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավածները կպարգևատրվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրերով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և մարզահագուստով: Իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին) կպարգևատրվեն նաև օդամղիչ հրացաններով: Թիմային հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով: 

Մրցույթին, ընդհանուր թվով, կմասնակցեն 34 թիմերի 227 մասնակիցներ: Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 13.00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am