Բեռները հայ-իրանական եւ հայ-վրացական սահմանային անցակետերով կանցնեն առանց լրացուցիչ մաքսային հսկողության

Armenpress 12:04, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի մաքսային մարմինները ստեղծվող նոր հարթակի միջոցով տվյալներ կփոխանակեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:

Նրա խոսքով` նախատեսվում է  ստեղծել ծրագրային մեկ հարթակ, որը կապահովվի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ տվյալների էլեկտրոնային փոխանակում հայ-իրանական եւ հայ-վրացական սահմանային անցակետերում: «Այն ապրանքները կամ բեռները, որոնք, օրինակ, Պարսից ծոցից պետք է տեղափոխվեն դեպի վրացական նավահանգիստներ, այլեւս բոլոր անցակետերում մաքսային հսկողություն չեն անցնի»,-ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունը վերաբերում է ոչ ռիսկային ապրանքներին:

«Տրանզիտ բեռնափոխադրումների ժամանակ տնտեսավարող սուբյեկտները կարող են օգտվել այս հարթակից եւ բեռների տեղափոխումն իրականացնել առանց լրացուցիչ մաքսային հսկողության»,-ասաց Սաքապետոյանը:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի  «Օժանդակություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարման գործընթացներին» ծրագրի շրջանակներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am