Մայր թատրոնը գերակատարել է նախորդ տարի նախատեսված ֆինանսական ցուցանիշները
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբսիդիայի պայմանագրի բոլոր կետերով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2017 թվականին գերակատարում է արձանագրել: Նախորդ տարվա ֆինանսական բարձր ցուցանիշներն ապահովել են հատկապես նոր՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Արծվաբույն» և «Սառցե սիրտը» ներկայացումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Մայր թատրոնի նորացված խաղացանկից նախարար Ամիրյանի սիրտը գերել է Լիլի Էլբակյանի բեմադրած «Սառցե սիրտը» մանկական ներկայացումը:
«Սա վերջին առնվազն հինգ տարում իմ դիտած լավագույն ներկայացումներից է, եթե ոչ լավագույնը: Նման եռաչափ, ժամանակակից, ես կասեի վաղվա մտածողությամբ ռեժիսորին պետք է հնարավորություն տալ բեմադրելու ոչ միայն Սունդուկյանի, այլև մյուս թատրոնների բեմերում»,-նշել է նախարարը:
«Շաբաթվա երեք օրերին Մայր թատրոնի դահլիճը պետք է հանդիսատես ունենա. ծրագրեք շաբաթը երեք ներկայացում»,-նախարարի պահանջն է եղել, որն իրականացնելու համար, ըստ նրա, թատրոնն այսօր ունի ներուժ, կարողություն և ամենակարևորը՝ ցանկություն:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի արձանագրած փաստը նախարարի նախկինում հնչեցրած պահանջներից էր. դահլիճը վարձակալության տալուց գոյացած եկամտի փոխարեն թատրոնն իր եկամուտն ավելացրել է տոմսերի վաճառքից ստացված հասույթի հաշվին:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Մայր թատրոնի տոմսարկղն առաջիկայում ամբողջությամբ նոր տեսք կստանա՝ թվային էկրանով, տեխնիկական նոր լուծումներով: Տոմսարկղի «բացումը» կնշանավորվի նաև նոր կայքէջի գործարկումով: Սունդուկյանցիներն ակտիվացել են ոչ միայն բեմում, այլև սոցիալական հարթակում.
Թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն ընդամենը մի քանի ամսում 4 հազարից հասել է 12 հազարի, մինչև տարեվերջ ակնկալում են կրկնապատկել ցուցանիշը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2018-ին առնվազն երեք պրեմիերա է նախատեսել՝ «Սասնա ծռեր», «Հարսնացուն հյուսիսից» և «Գտնված երազը»:
Սունդուկյանցիները փնտրում են իրանցի ռեժիսոր՝ Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ»-ը բեմադրելու համար:
Մեկ ներկայացման կամ միջոցառման ողջ հասույթը Ստեփանակերտի թատրոնի վերանորոգմանն ուղղելու՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությանը սունդուկյանցիներն արձագանքեցին. «Մեծ հաճույքով… Այդ հարցը չի քննարկվում»: